ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը մեկնաբանել է տեղեկատվությունը, թե Կիրսան Իլյումժինովին աջակցում է երկրների ճնշող մեծամասնությունը:
«Այդ մարդիկ սովոր են բլեֆ անել: Հնարավոր է, որ դա իրենց ռազմավարությունն է, նախընտրական մարտավարության բաղկացուցիչը: Մի գաղտնիք բացեմ: Մինչեւ մարտի վերջը իմ պաշտոնական կայքում պարբերաբար գրվում էին ինձ աջակցող երկրները: Այդ պահին 23 երկիր էր ինձ աջակցում: Իսկ հետ Իլյումժինովը որպես ՖԻԴԵ-ի նախագահ սկսեց ճնշում գործադրել այդ պետությունների ֆեդերացիաների ղեկավարների վրա:Օրինակ` մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Խանտի Մանսիյսկում չեն պատվիրվել հյուրանոցային համարներ այն երկրների ներկայացուցիչների համար, որոնք արդեն արտահայտվել են իմ օգտին; Իսկ հյուրանոցներում տեղավորելու համար պատասխանատու է հենց միջազգային ֆեդերացիան:
Լավ է, որ իմ թիմի մարդիկ ժամանակին իմացան այդ մասին եւ ամեն ինչ կարգավորեցին: Եվ, առհասարակ, սկսած մարտ ամսից ՖԻԴԵ-ն ձգտել է իմ համախոհներին տարբեր երկրներից էժան հյուրանոցներում տեղավորել եւ ամեն առիթով հասկացնել են տվել, որ նախագահը գոհ չէ իրենց դիրքորոշումից: Այդ պատճառով ոչ ամռանը, ոչ սեպտեմբերին մենք արդեն չէինք հրապարակում մեր կողմնակիցների ցուցակները: Չէինք ուզում, որ արժանի մարդկանց ճնշեին:
Իլյումժինովը հետաքրքիր ռազմավարություն է ընտրել: Ես չէի թաքցնում իմ ուղեւորությունները եւ բաց էի գործում: Եվ հենց ես հայտնվում էի մի երկրում` երեք օր անց այնտեղ էր ժամանում Կիրսան Նիկոլաեւիչը: Երեւի, ուզում էր ինչ-որ կերպ քողարկել իմ հայտարարությունները: Եվ այդպես նա գործել է ամբողջ քարոզարշավի ընթացքում: Բռնոցի էինք խաղում»,- Կարպովին մեջբերում է «Նովիե իզվեստիան»:




























