Ուկրաինայի ազգային բանկը «Ուկրաինայի ճարտարապետական կառույցներ» հուշադրամների շարքի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված 16-րդ դարում հիմնադրված հայկական «Սուրբ Խաչ» վանքին: Նշենք, որ այս տարի նշվում է Ղրիմում գտնվող հայկական «Սուրբ Խաչ» վանքի 650-ամյակը:
ՀՀ Կենտրոնական բանկից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է վանքի տարածքում տեղակայված խաչքարը, իսկ դարձերեսին պատկերված են վանական շինությունները. ձախ կողմում` «Հին Ղրիմ հայկական վանքը» (16-րդ դար) և աջ կողմում` «Սուրբ Խաչ» վանքը:
Հատկանշականն այն է, որ առաջին անգամ արտերկրի կողմից իրականացվել է Հայաստանի պատմությանը և հայկական մշակույթին նվիրված հուշադրամի թողարկում:
«Սուրբ Խաչ» արծաթե հուշադրամ ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահ:



















