Մայր թատրոնում կրքերը դարձյալ բորբոքվել են: Սունդուկյանցիները հիմա էլ ուզում են աշխատել գեղարվեստական ղեկավարով: Մշակույթի նախարարությանը մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Հասմիկ Պողոսյանը խոստացել էր իրականացնել նրանց ցանկությունը: Նախատեսված էր սեպտեմբերին այդ հարցը լուծել` գեղարվեստական խորհուրդը լուծարել եւ նշանակել գեղարվեստական ղեկավար: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ այստեղ բավականին թեժ մթնոլորտում պաշտոնանկ արեցին գեղղեկավար Վահե Շահվերդյանին եւ թատրոնը սկսեց աշխատել գեղարվեստական խորհրդով, ինչն իրեն չարադարացրեց: Կարճ ասաց, հասկացան, որ գեղարվեստական ղեկավարը անհրաժեշտություն է թատրոնի համար:

Թեեւ տիկին Պողոսյանը սեպտեմբերին էր խոստացել հարցը լուծել,սակայն կարծես թե ձգձգվում է ղեկավարի նշանակումը: Մեր տեղեկություններով` առայժմ շրջանառվում է Արմեն Էլբակյանի անունը:  NEWS.am-ը փորձեց մշակույթի նախարարությունից պարզել, թե ե՞րբ են նշանակելու գեղարվեստական ղեկավարին, սակայն այս երկու օրվա ընթացքում դժվարանում են այդ հարցին պատասխանել: