Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016թ. հունվար-փետրվարի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 1575 աշխատանք փնտրող քաղաքացի, որից 1033-ը` կին, 1321-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ եւ 439 երիտասարդ են: NEWS.am-ի հետ զրույցում Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նշեց, որ 2015թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աշխատանքի տեղավորման ցուցանիշը աճել է 12.6 տոկոսով:

Ցողիկ Բեջանյանի խոսքով, 2016թ. փետրվարի 29-ի դրությամբ, տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը 1757 է եւ աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները, մասնավորապես Երեւանում՝ վաճառողները, մատուցողները, ավտոմեքենաներ վերանորոգողները (սպասարկողներ), վարսահարդարները, դիմահարդարները, մատնահարդարները, խոհարարները, հացթուխները, հրուշակագործները, դեղագործները, դեղագետները եւ հեռախոսավարները:

«Պահանջարկված են նաեւ գանձապահներ, գործակալները, հսկիչներ, վարորդներ վարորոդ- առաքիչներ, տարբեր որակավորում ունեցող բանվորներ մասնավորապես մեծ է  կարողների պահանջարկը եւ որակավորում չպահանջող բանվորների: Բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը համեմատաբար ցածր է: Առավել բարձր պահանջարկ առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ ծրագրավորող, սպասարկող մասնագետներ, կրթության ոլորտում՝ ուսուցիչներ, դասավանդողներ, առողջապահության ոլորտում՝ ատամնաբույժներ: Տնտեսության տարբեր ոլորտներում պահանջարկված են նաեւ մենեջերները, շուկայի զարգացման պատասխանտուները»,-ասաց նա:

Ցողիկ Բեջանյանի խոսքով, ի տարբերություն Երեւանի, մարզերում բարձր է բարձրագույն կրթությամբ մասնագետների, մասնավորապես առողջապահության ոլորտում՝ բժիշկների պահանջարկը:

«Պահանջարկված են նաեւ կրթության ոլորտում՝ ուսուցիչները, համայնքային ծառայության ոլորտի մասնագետները, տնտեսության տարբեր ոլորտներում՝ մենեջերները, հաշվապահները, հաշվետարները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ ծրագրավորողները եւ սպասարկող մասնագետները: Առավել պահանջարկված են նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները, մասնավորապես տարբեր որակավորում ունեցող բանվորները մեծ է նաեւ կարողների պահանջարկը եւ որակավորում չպահանջող բանվորների»,-ասաց նա՝ նշելով, որ պահանջարկված են նաեւ մատուցողները, գործակալները, վաճառողները, խոհարարները, հացթուխները, հրուշակագործները, վարսահարդարները, կահույքագործները, էլեկտրիկները, վարորդները, դիմահարդարները եւ անասնապահները: