Ռուսաստանից անձնական օգտագործման նպատակով ավտոմեքենաների ներկրման աճը պայմանավորված է ոչ այնքան Հայաստանում ԱԱՀ-ի օրենսդրությամբ, որքան ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Կարկոմավտո» (ՈՒԱԶ, Chevrolet Niva եւ ԳԱԶ խմբի ներկայացուցիչ) հայկական ավտոդիլերի փոխտնօրեն Տիգրան Սիմոնյանը:

Հարցին, Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենայի ներկրումից գանձվող ԱԱՀ-ի չեղարկման մասին օրենքի ուժի մեջ մտնելն ինչպես կարող է ազդել պաշտոնական դիլերների վաճառքի վրա, հատկապես՝ ռուսական մեքենաների պարագայում, Սիմոնյանը պատասխանեց. հիմնական հարցն այն չէ, ԱԱՀ կա, թե՝ ոչ, այլ այն, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում որքան է արժեզրկվել ռուբլին: Ավելի քան 2 անգամ արժեզրկման ֆոնին 20% ԱԱՀ-ն մեծ դեր չի խաղում:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

2014 թվականի սեպտեմբերից, երբ ռուբլին սկսեց արժեզրկվել, միջազգային արտադրողները Ռուսաստանի համար մեքենաների գները ռուբլիով չբարձրացրեցին: Ռուսաստանյան սպառողները ռուբլիով են մտածում, եւ եթե անգամ դոլարով կամ եվրոյով մեքենաները նույնքան արժենային, դրանք չէին գնի: Առանց այն էլ 2015 թվականին Ռուսաստանում 36%-ով ավելի պակաս են նոր ավտոմեքենա գնել: Բայց նույնիսկ այս պարագայում շուկայի ծավալը կազմել է ավելի քան 1.6 մլն մեքենա: Այդ պատճառով արտասահմանյան կոնցեռնները չեն ցանկանում կորցնել այս շուկան:

Սակայն գները ռուբլիով պահելու համար ստիպված եղան արտարժույթով գները նվազեցնել: Արդյունքում դոլարային հաշվարկով Ռուսաստանում մեքենաներն էժանացան, եւ սկսեցին դրանք զանգվածաբար ներկրել ԵՏՄ այլ երկրներ:

«Եթե մեքենաների գները վերադառնան նույն մակարդակին, ինչ ռուբլու նախկին փոխարժեքի ժամանակ էին (մեկ դոլարը՝ 28-34 ռուբլի), փոխարժեքի տարբերությունը կվերանա եւ կմնա միայն ռուսական եւ հայկական ԱԱՀ-ի միջեւ տարբերությունը. համապատասխանաբար՝ 18% եւ 20%: Այդ 2 տոկոսի համար ոչ ոք Ռուսաստան չի գնա, եթե կարող է մեքենա գնել երկրի ներսում: Իսկ հիմա գնորդներն այլընտրանք ունեն: Նրանք հետեւում են Ռուսաստանի գներին, եւ եթե շահեկան է, ինքնուրույն են մեքենա ներկրում: Մեզ համար բարդ իրադրություն է, բայց կաշխատենք՝ օգտագործելով մեր փորձը»,- նշեց Սիմոնյանը:

Նշենք, որ Հայաստանում գնորդների բացարձակ մեծամասնությունն մեքենա է գնում ավտոշուկաներից: Վերջին տարիներին հանրապետություն տարեկան շուրջ 40 հազար ավտոմեքենա է ներկրվել, իսկ պաշտոնական դիլերները, Սիմոնյանի դիտարկմամբ, ընդամենը 2-2.5 հազար (այսինքն՝ 5-6%):