Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են Facebook, YouTube, Twitter, «Ամերիկայի ձայնի» եւ հարավկորեական լրատվամիջոցների կայքերը, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան հրամանը Հյուսիսային Կորեայի փոստի եւ հեռահաղորդակցման նախարարությունն ուղարկել է Koryolink բջջային կապի օպերատորին եւ ինտերնետ ծառայություններ մատակարարող մյուս կազմակերպություններին։ Որոշումը կայացվել է «Հանրապետության դեմ կեղծ քարոզչության տարածումը կանխելու եւ սեքսուալ բնույթի կայքերի հասանելիությունն արգելափակելու նպատակով»։
Associated Press-ը նշում է, որ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի իշխանություններն արգելափակում էին օտարերկրյա կայքերը՝ առանց պաշտոնապես այդ մասին հայտնելու։
Գործակալությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայում մարդկանց միայն մի փոքր զանգվածը ինտերնետի հասանելիություն ունի, նրանց հասանելի են միայն երկրի ներսում գրանցված կայքերը։





























