Ոչ մի երազանք այդքան մոտ չէ սրտիս, որքան այս երկու ազգերին նորից միասին տեսնելը։ Ես ուզում եմ ապրել մինչեւ այդ օրը։ Այս մասին ասված է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ելույթում, որը նա պետք է կարդար Վենետիկում Incroci di civilta գրական կոնֆերանսի ժամանակ։
Corriere della Sera թերթը հրապարակել է նրա ելույթի տեքստը, որից թարգմանաբար հատվածներ է ներկայացնում NEWS.am-ը.
«Դեռ Բաքվում, երբ ես մտածում էի, թե ինչպես սկսեմ ճառս, գլխումս երկու անհանգիստ բառեր ծագեցին. «Ձեր առջեւ բոլորովին անպաշտպան մարդ է»։ Սակայն իմ մեջ զարթնեց ներքին ձայնը. «Հերիք է նվնվաս եւ փնթփնթաս ծերուկի պես։ Դու այդպիսին չես, կան քեզնից անպաշտպան մարդիկ»։ Ցավոք, սիրելի՛ գործընկերներ, դա այդպես է։ Այսօր մենք բոլորս անպաշտպան ենք անասելի դաժան դարաշրջանի առջեւ։
Պատմության մեջ գալիս է պահը, երբ մարդու սրտի դատարկությունը ոչնչով չես լցնի՝ ո՛չ գիտությամբ, ո՛չ գրականությամբ։ Համոզմունքի հոգեւոր եւ արտիսիտիկ ուժը անցյալում է մնացել։ Զարգացած երկրների պետական հաստատությունները չկարողացան առաջարկել ոչինչ այդ բարոյական կախարդված շրջանից դուրս գալու համար։
Ժամանակին իմ հայրենակիցները եւ հավատակիցները անիծում էին խորհրդային ռեժիմն այն բանի համար, որ փակել էր տաճարների դռները։ Հիմա իմ երկրում այնքան մզկիթ կա, որքան դպրոց, սակայն դրանից ոչ ոք երկնքին ավելի մոտ չի դարձել։ Եկեղեցիներում եւ մզկիթներում տեղ քիչ կա, գլուխներում նույնպես։ Մարդկանց պակասում է հոգու տոկունությունը, որպեսզի հույսով նայեն ապագային։ Սոլժենիցինն ասում էր՝ դաժանություն ու սուտը ձեռք ձեռքի տված են քայլում։ Դաժանությունը չի կարող միայնակ ապրել, այն միշտ ստի հետ է։
Ազգայնականն ավելի սարսափելի է այն պատճառով, որ իր էությամբ նա անուղղելի լավատես է, որը հերքում է կյանքի ողբերգական ընկալումը եւ միշտ մոլեռանդ հակադրվում է ճշմարտությանը։ Վերեւներից պարտադրված նման հայրենասիրությունը ֆաշիզմի տականքներին հսկայական հնարավորություններ է տալիս, մարդկանց վերածում է անուղեղ ամբոխի։ Մեր հայրենակից Սալման Ռուշդին զգուշացնում էր. «Զգուշացեք գրողներից, որոնք իրենց ազգի ձայն են հռչակել»։
Բայց ես չեմ ուզում քննադատել իմ երկիրը, ես ավելի քիչ չեմ սիրի այն, ինչ էլ որ ինձ հետ անեն ներկայիս ղեկավարները»
Ինձ թվում է, որ իմ այս փոքր աշխատանքով, որը հրապարակվել է իտալերեն, ես կարողացա հասնել իմ նպատակին. փրկել շատ հայերի իմ ազգի հանդեպ ատելությունից։ Ես հասկացա, որ այդ այս արդյունալի հակամարտության մեջ մեղավոր չեն հայերը կամ մենք։ Մարդիկ երբեք չէին պատերազմի, եթե չխառնվեր քաղաքականությունը։ Ես նորից համոզվում եմ, որ մեր ժողովուրդներն առանձին վերցրած լավն են, իսկ միասին ուղղակի հրաշալի են։
Հիմ ես Գալիլեո Գալիլեյի կարգավիճակում եմ, որը ոչ մի րոպե չէր կասկածում իր իրավացիությանը, բայց չկարողացավ այն հասցնել մարդկանց սրտերին։
Ես կորցրել եմ խաղաղ եւ բարեկեցիկ կյանքս, որովհետեւ փոքր քայլ եմ արել երկու ժողովուրդների մերձեցման ուղղությամբ, որոնք կապված են ոչ միայն աշխարհագրորեն, այլ նաեւ բազմադարյա պատմական ճակատագրով։ Ոչ մի երազանք այդքան մոտ չէ սրտիս, որքան այս երկու ազգերին նորից միասին տեսնելը։ Ես ուզում եմ ապրել մինչեւ այդ օրը»։





























