Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները ընդդիմադիր ուժերի հետ շատ օգտակար են բոլոր քաղաքական ուժերի համար: Այս մասին այսօր` ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը` նշելով, որ իշխանությունը երբեք այսքան ականջալուր չի եղել ընդդիմությանը, որքան վերջին տարիներին է:
«Իշխանությունն իր բոլոր խոստումները կատարեց, ընդդիմադիրների հետ քննարկումներ են ընթանում եւ Ընտրական նոր օրենսգրքի վերջնական տարբերակը, որը Ազգային ժողով կգա, խիստ կտարբերվի նրանից, որը տեսել ենք: Այն խնդրահարույց հարցերը, որոնք ընդդիմադիրների կողմից առաջ են քաշվել, լսվում են եւ քննարկվում եւ արդեն շատ առաջ քաշված հարցեր դրական փոփոխության են ենթարկվել: Սակայն, կարծում եմ, որ այսքանից հետո ընդդիմադիր դաշտում էլի կգտնվեն դժգոհողներ, նորից կխոսեն ընտրակեղծիքների մասին: Մեզ իրականում կոնսոլիդացիա է պետք, որպեսզի կարողանանք թափանցիկ ու նորմալ ընտրություններ անցկացնել: Մենք մեծ համակարգային փոփոխության ենք գնացել եւ դրա ամրագրումը պետք է լինի այն, որ այլեւս չխոսենք ընտակեղծարարության մասին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք մեր միջազգային դիրքը բարձրացնել, որն իշխանության համար շատ կարեւոր է»,-ասաց պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ Ընտրական նոր օրենսգրքի քննարկումն ընդդիմադիր ուժերի հետ իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում չէ, այլ դա նախատեսված է օրենքով, եւ այդ քննարկումներն օրենքի պահանջներով են ընթանում:
«Ուրախ եմ, որ տարբեր ֆորմատներ կան հարցերը քննարկելու: Բայց չմոռանանք, որ սա դեռ քննարկումների փուլն է եւ ասել, թե տեսեք, իշխանություններն ինչ լավ բարի կամք են դրսեւորել, սխալ կլինի, քանի որ օրենքի պահանջով քննարկումներ են ընթանում: Գլխավորն այն է, թե վերջում ինչ արդյունքի կհասնենք, կկարողանա՞նք հասնել ընտրական համակարգի հանդեպ հանրության վստահությանը, ուստի գործընկերներիս կոչ եմ անում ուրախանալ այն ժամանակ, երբ հասնենք ընդունելի դրույթներին, ոչ թե ուրախանան, որ այդ ֆորմատով քննարկումների են մասնակցում»,-ասաց նա:





























