Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանի սեփականության եւ արդար դատավարության իրավունքները:
«Կարեն Պողոսյանի սեփականության իրավունքը խախտել են մեզ մոտ, իսկ ՄԻԵԴ-ը գտել է, որ նրա սեփականության իրավունքն, իսկապես, խախտվել է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը լրացուցիչ կանդրադառնա ՀՀ Կառավարությունից գանձվելիք տուգանքի հարցին: Դատարանը դիմումատուին եւ Կառավարությանն առաջարկել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներկայացնել գրավոր դիտարկումներ վնասների չափի մասին:
«Տեսնենք, թե նրա սեփականության իրավունքը որքանով կվերականգնվի մեր պետական ատյաններում: Հատուցման չափը, հավանաբար, հենց դրանից էլ կախված կլինի»,-նշեց Ալումյանը:
Նշենք, որ Կարեն Պողոսյանը գանգատ-բողոք է ներկայացրել ՄԻԵԴ, ըստ որի, Վերաքննիչ դատարանի կողմից 2001թ. հունիսի վերջնական դատական ակտը բեկանելը խախտել է արդար դատավարության եւ սեփականությունն ազատ տնօրինելու իր իրավունքները:
Կարեն Պողոսյանը 1991թ. առանց թույլտվության Երեւանում շինություն է կառուցել, 2001թ. Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է նրա սեփականության իրավունքը՝ տարածքը թողնելով նրա տնօրինությանը: 2009թ. Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել առաջին ատյանի որոշման դեմ՝ խնդրելով բեկանել այն եւ մերժել Կարեն Պողոսյանի պահանջը իրեն տարածքի սեփականատեր ճանաչելու պահանջը՝ նշելով, որ տարածքը պատկանել է պետությանը:
2009թ. հուլիսին ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել է 2001թ. Շենգավիթ վարչական շրջանի դատարանի կողմից կայացված որոշումը՝ մերժելով Կարեն Պողոսյանի պահանջները: Վերաքննիչի որոշման դեմ Կարեն Պողոսյանը բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն այն վերադարձրել է:




























