Իշխանության, ընդդիմության ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ ԸՕ-ի նախագծի շուրջ առաջին հանդիպումից այնպիսի տպավորություն էր՝  ասես ոմանք նախընտրում են հակառակ կողմի հետ համաձայնության չհասնել: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է, որ այսօր այդ հանդիպումները կշարունակվեն, ու հասկանալի կդառնա, թե ով ինչ մտադրությամբ է եկել քննարկումների:  «Աշխատախումբը սկզբունքայնորեն հաշվի է առնում բոլոր առաջարկները, որոնք անում են թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, թե քաղաքական ուժերը: Մենք ձգտում ենք ամեն ձեւաչափով քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները ու ընդհանուր հայտարարի գալ: Մենք ուզում ենք որ ԸՕ նախագիծը հնարավորինս ինքլյուզիվ լինի, այսինքն ներառի բոլոր քննարկվող առաջարկները»,- շեշտել է արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ առաջին հանդիպումը՝ իշխանության, ընդդիմության, ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննակվել են ընդդիմության երեք պահանջները՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, էլեկտրոնային քվեարկությունը ու մատների դրոշմանշումը: Երկրորդ հանդիպումը կլինի ապրիլի 1-ի երեկոյան: