Ամերիկայի հայերը քրդերի ու հույների հետ բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգթոնում Բրուքինգի ինստիտուտի շենքի առաջ, որտեղ դասախոսություն էր կարդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Բողոքի ցույցին մասնակցել են նաեւ եզդիների ու կիպրացիների համայնքների, ինչպես նաեւ մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունների ու նույնիսկ մի քանի ընդդիմադիր թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

Ցուցարարների ձեռքերին պաստառներ էին՝ Հայոց ցեղասպանության ժխտման, քրդերի դեմ ճնշումների, ԻՊ-ին Թուրքիայի աջակցության մասին: Լսվում էին «Կեցցե Քուրդիստանը, կեցցե Հայաստանը» կարգախոսները:

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հայտնում է, որ Էրդողանի թիկնապահները թուրք լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ բողոքի ակցիային: Լրագրողներից մեկին դահլիճից հանել էին դեռ մինչեւ Թուրքիայի նախագահի գալը, թիկնապահները նրան գետնին էին գցել ու մեկ այլ թղթակցի էլ՝ ծեծել:

Շենքի դիմաց մեկ այլ ակցիայի մասնակիցներն էլ իրենց աջակցությունն էին հայտնում Թուրքիայի կառավարությանը, նրանք «Մենք սիրում ենք Էրդողանին» գրությամբ վերնաշապիկներ էին հագել: