Հունգարիայի հայ ազգային ինքնավարության նպատակն է օտարերկրացիներին ներկայացնել Հայաստանն ու հայկական մշակույթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:

«Մեր իսկական նպատակն է ոչ թե հայերին ցույց տալ Հայաստանը, այլ օտար ագզին ներկայացնել հայ մակույթը, սովորեցնել, որ կա Հայաստան, Լեռնային Ղարաբաղ: Սա է ամենակարեւորը, որ օտար ազգը ճանաչի հայերին ու Հայաստանը: Մենք հենց սրա համար ենք աշխատում»,- ասաց Ալեքս Ավանեսյանը:

Հունգարիայում այսօր պաշտոնական տվյալներով ապրում է 500-1500 հայ: Պետության Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծվել են Ազգային ինքնավարություններ, որոնց ղեկավար մարմիններն ընտրվում են փոքրամասնությունների կողմից: Հայերը պաշտոնապես ճանաչված 13 ազգային փոքրամասնություններից են: Ալեքս Ավանեսյանի խոսքով, պետությունը տարեկան իրենց համապատասխան գումար է տրամադրում՝ ազգային ինքնության պահպանման ծրագրերի իրականացման համար:

«Տարեկան 60-80 նախագիծ ենք ներկայացնում: Մշակութային տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում ու հատկապես կենտրոնական դահլիճներում, որպես տեղի ԶԼՄ-ների եւ հասարակության ուշադրությունն էլ հրավիրենք: Օրինակ, անցած տարի «Հայկական տարազ» գրքի շնորհանդեսը կազմակերպել էինք մեծ դահլիճում, որից հետո շատերն էին հետաքրքրվում, թե շարունակություն լինելու է, թե ոչ: Տեղի հեռուստաընկերություններից մեկն էլ 26 րոպեանոց ֆիլմ պատրաստեց»,- ասաց Ալեքս Ավանեսյանը:

Ազգային ինքնավարության ֆինանսավորմամբ գործում է նաեւ «Ուրարտու» թատրոնը, որը հայկական պիեսներ է բեմադրում հունգարերենով: Ըստ Ալեքս Ավանեսյանի, այդ կերպ իրենք Հունգարիայում ապրող այլ ազգերին ներկայացնում են հայկական գրականությունը. «Հունգարացի դերասաններ են խաղում մեր թատրոնում, պրոֆեսիոնալներ են»:

Հունգարիայի հայ համայնքին եթեր է հատկացվում նաեւ հունգարական ռադիոյում եւ հեռուստաընկերությունում: Հենց այս նախագծերի շնորհիվ էլ, Ավանեսյանի պնդմամբ, Հունգարիայում շատերը գիտեն Հայաստանի եւ Արցախի մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել էին 1992թ. փետրվարին: Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: