Իշխանությունն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները դիտարկում է ոչ թե որպես քաղաքական շոու, այլ աշխատանքային քննարկում։ Այս մասին ապրիլի 1-ին խորհրդարանում լրագրողներին ասել է պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Նրա խոսքով՝ մարտի 30-ին հանդիպման երկրորդ հատվածում աշխատանքային մթնոլորտ էր ստեղծվել։ «Մոտ 2 ժամ մենք կարծես թե նորմալ աշխատել ենք»,- նշել է Սահակյանը։

Հովհաննես Սահականը նշեց, որ առաջին հանդիպման տեսագրության հրապարակումը չի ազդի այդ ձեւաչափով հետագա շփումների վրա։ «Այդ ճանապարհին մենք անդել ենք բազմաթիվ խոչընդոտների միջով։ Սկզբում անցակետում խնդիրներ եղան, հետո ընդդիմության 4 ներկայացուցիչների փոխարեն ներկայացան 3-ը։ Հետո 2-3 ժամ ընթացակարգային հարցերն էին քննարկվում։ Մենք առավելագույնս համբերատար փորձել ենք ընդառաջ գնալ, քանի որ մեզ համար կարեւորը քննարկումներն են եւ ոչ թե ձեւը»,- ընդգծել է Հովհաննես Սահակյանը։

Սակայն այստեղ նրա կարծիքով ոմանց համար ձեւը բովանդակությունից կարեւոր է, եւ ամեն մեկը փորձում է օգտագործել աքյդ ձեւը սեփական շահի  համար։ «Հանձնաժողովի նիստում այսօր մենք քննարկել ենք ԸՕ նախագիծը, քանի որ դեռ բոլոր հարցերը չեն քննարկվել։ Հեղինակ Դավիթ Հարությունյանի հետ խորհրդատվություններից հետո մենք եկել ենք այն եզրակացության, որ նախագծի քննարկումը կկայանա խորհրդարանի առաջիկա քառօրյայի ընթացքում։ Եթե դա ֆորմալ բնույթ կրեր, մենք հերթով կլսեինք բոլոր առաջարկները, հետո մեր առաջարկը կներկայացնեինք խորհրդարան»,- հավելել է Հովհաննես Սահակյանը։