«Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամազ Մեչիաուրին, մեկնաբանելով արտաքինով հանրապետության քաղաքական գործիչներին նման անձանց մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսագրությունների հրապարակման աղմկահարույց պատմությունը, հայտարարել է, որ «այդ ամենը Օդեսայից է կազմակերպվել», հայտնում է «Կոմերսանտը»:

Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Բոլորը գիտեն, որ այդ տեսագրությունները նկարահանել են այն չինովնիկները, որոնք աշխատում էին Միխայիլ Սահակաշվիլու նախագահության տարիներին»,- մեջբերումէ պարբերականը իշխող կոալիցիայի մեկ այլ պատգամավորի՝ Զախարիա Կուցնաշվիլու բառերը:

«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Դարչիաշվիլին այդ վարկածին ի պատասխան ասել է, որ «գործող իշխանությունները պետք է պարզեն հանցագործների անձը, այլ ոչ թե մերկապարանոց մեղադրանքներ ներկայացնեն»:

Մարտի 15-ին Վրաստանի դատախազությունը հայտնել էր, որ հինգ մարդու է ձերբակալել համացանցում ինտիմ տեսագրություն հրապարակելու գործով: Տեսագրությունում պատկերված է մի կնոջ ինտիմ հանդիպում, որը շատ նման է Վրաստանի նախկին արտգործնախարար ու «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Մայա Փանջիկիձեին: Ձերբակալվածներից են Վրաստանի նախկին վարչակարգի ՆԳՆ սահմանադրրրական անվտանգության բաժնի երկու նախկին բարձրաստիճան աշխատակիցներ: Դատախազության տվյալներով, բոլոր տեսագրությունները նկարահանվել են մինչեւ 2012-ին երկրում կատարված իշխանափոխությունը: