Իշխանությունը հետեւյալ սկզբունքն ունի. Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծը, մինչեւ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ներկայացվելը, պիտի հնարավորինս քննարկված եւ բարելավված տեսք ունենա: Այս մասին ապրիլի  1-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, խորհրդարանական պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:   

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում պատգամավորները կարողանան այլ առաջարկներով հանդես գալ, թեկուզ` գրավոր:  «Սկզբունքներից մեկն այն է, որ մենք իրականում պահպանենք այդ առաջարկներն անելու հնարավորությունը: Հայտնի է, որ առաջին ընթերցումից երկրորդն ընկած ժամանակահատվածում հնարավոր են բովանդակային փոփոխություններ, որպեսզի պատգամավորները կարողանան լիարժեքորեն ներկայացնել իրենց առաջարկները: Բայց, չխախտելով մեր պատգամավորների իրավունքները, հաշվի կառնենք, որ նոր ԸՕ-ի ուժի մեջ մտնելու ժամկետը հունիսի  1-ն է, Սահմանադրության համաձայն», - ընդգծել է Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, խնդիր է դրված չուշանալ եւ միաժամանակ իրացնել պատգամավորների իրավունքները: