Պենտագոնը եւ Թմրանյութի տարածման դեմ պայքարի վարչությունը  (DEA) ընդհանուր առմամբ ավելի քան 86 մլն դոլար են ծախսել  Աֆղանստանում գործողությունների համար ATR 42-500 հետախույզ ինքնաթիռի ստեղծման եւ արդիականացման նպատակով, որը յոթ տարի գետնից չի պոկվել: Այդ մասին ասված է Washington Post թերթում հրապարակված հոդվածում:

«DEA-ն եւ Պենտագոնը ավելի քան 86 մլն դոլար են ծախսել Աֆղանստանում գործողությունների անցկացման համար նախատեսված հետախույզ ինքնաթիռի գնման եւ կատարելագործման վրա:  Մենք պարզել ենք, որ ինքնաթիռը գնումից յոթ տարի անց մնում է ոչ աշխատանքային վիճակում, Աֆղանստան չի ուղարկվել եւ գտնվում է Դելավեր նահանգի անգարներից մեկում», - անկախ վերահսկիչ մարմին համարվող արդարադատության նախարարության գլխավոր քննիչի  59 էջանոց զեկույցն է վկայակոչում պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել զեկույցը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Միաժամանակ պարբերականը նշում է, որ ինքնաթիռը մշակվել է երկրում թմրանյութի առեւտրի դեմ պայքարելու համար` մի ծրագրի շրջանակում, որը փակվել է դեռեւս անցյալ տարի:  DEA-ն այդ սարքը պիտի ձեռք բերեր 8,6 մլն դոլարով, սակայն 3 մլն ավելի է ծախսվել: 

Ավելի քան յոթ տարի DEA-ն եւ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել ինքնաթիռի արդիականացման եւ վերանորոգման վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Քաբուլի միջազգային օդանավակայանում հատուկ անգարների կառուցման: Միայն Պենտագոնը այդ ծրագրի համար մոտավորապես  66 մլն դոլար էր տրամադրել:

Իր զեկույցում քննիչը մատնանշում է գերատեսչության լուրջ սխալները, մասնավորապես`  «աշխատանքի իրականացման ժամկետին չհետեւելը եւ ծրագրի չափազանց փքված բյուջեն»: Միաժամանակ զեկույցում ընդգծվում է, որ  «այս պահին ինքնաթիռի շուկայական արժեքը 6 մլն դոլար» է կազմում: Ի սկզբանե նախատեսված էր հետախույզի արդիականացան ծրագրի վրա  22 մլն դոլար ծախսել:

Այժմ DEA-ն նախատեսել է ինքնաթիռն օգտագործել Կարիբյան ավազանի ակվատորիայում` Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներում, նշում է    Washington Post-ը, այդ նպատակով գուցե անհրաժետ լինի մի շարք փոփոխություններ մտցնել սարքի սարքավորումների մեջ: