Ուկրաինայի խորհրդարանական ազգային գրադարանում ապրիլի մեկին կայացավ հայկական գրականության շնորհանդես, որը նվիրված էր Ուկրաինայում հայերեն գրքերի տպագրության 400-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էին Ուկրաինայի հայ երիտասարդների միությունը՝ երկրի գրադարաններում հայկական հրականության ֆոնդ ձեւավորելու՝ Ուկրաինայի Հայերի միության ծրագրի շրջանակում:
Գրադարաններին տրամադրվեց հայերեն գրականություն՝ այդ թվում գեղարվեստական, պատմական ու գիտական, հայտնում է Analitikaua.net–ն:
Շնորհանդեսին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, գեներալ -լեյտենանտ Վիլեն Մարտիրոսյանը, Ուկրաինայի ազգային խորհրդարանական գրադարանի սպասարկման հարցերով փոխտնօրեն Գալինա Կիրիչենկոն, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Վարդան Հարությունյանը, գրադարանի աշխատակիցներ:
Այս տարի Ուկրաինայում հայերեն գրքի տպագրությունը դարձավ 400 տարեկան: Լվով քաղաքը հայկական գրատպության չորրորդ կենտրոնն է եղել Վենետիկից, Կոնստանդնուպոլսից ու Հռոմից հետո:
Լվովում տպագրված առաջին հայերեն գիրքը «Դավիթ եվ Սաղմոսն» է եղել՝1616թ. դեկտեմբերի 15-ին:




























