ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովում

«Մեծարգո‚նախագահ Օբամա,

Հարգելի‚ գործընկերներ,

Տիկնա‚յք եւ պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթնաժողովի կազմակերպիչներին գլոբալ անվտանգության համար առանցքային այս հավաքը հերթական անգամ հյուրընկալելու եւ անձամբ Նախագահ Օբամային՝ գագաթնաժողովների նման շարք նախաձեռնելու համար:

2010թ. ի վեր, երբ տեղի ունեցավ Միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը, հայացք նետելով այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, կարող ենք վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց: 2010-ից ի վեր անցկացվող գագաթնաժողովների քաղաքական ազդակն ակնհայտորեն նպաստել է ազգային ընթացակարգերի բարելավմանն ու ամրապնդմանը, ընդլայնել միջազգային առանցքային փաստաթղթերին միացած պետությունների շրջանակը:

Այս դրական միտումը լավագույնս դրսեւորվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերմամբ, ինչը միջազգային հանրության համախմբված եւ կառուցողական ջանքերի արդյունք էր: Դա կարեւոր նվաճում է ոչ միայն միջազգային, այլեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման համար:

Չնայած այս հանդիպումը վերջինն է միջուկային անվտանգության գագաթնաժողովների շարքում` մենք պարտավոր ենք ապահովելու գործընթացի շարունակականությունը` օգտագործելով այլ ձեւաչափեր: Անելիքներ դեռ շատ կան, եւ մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը մեզ շրջապատող աշխարհն առավել անվտանգ դարձնելու համար, որպեսզի տեղի չունենա այն, ինչի մասին ահազանգում է ցուցադրված տեսանյութը:

Օգտվելով հնարավորությունից` ներկայացնեմ Հաագայի գագաթնաժողովից հետո այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Մենք մեծապես կարեւորում ենք տվյալ ոլորտում ստորագրված փաստաթղթերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համապարփակ եւ արդյունավետ կյանքի կոչումը` դիտարկելով դրանք որպես ազգային, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ:

Այս ժամանակահատվածում մենք շարունակել ենք փոփոխել ու լրացնել մեր օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային պահանջներին: Շարունակում ենք փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցել միջազգային կառույցների եւ գործընկեր երկրների հետ միջուկային տեղակայանքների, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ: Առանձնացնեմ ԱԷՄԳ-ի դերը միջուկային անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության ոլորտներում անդամ պետությունների հետ միասին նոր, լրացուցիչ չափորոշիչների ու կանոնակարգերի մշակման եւ այդ դրույթների իրականացմանը ցուցաբերած աջակցության հարցում: Միջուկային անվտանգության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարը: Այս ոլորտում Հայաստանը սերտ համագործակցում է ԱՄՆ, ԵՄ եւ այլ գործընկեր երկրների ու կառույցների հետ:

Հայաստանն ակտիվ ներգրավված է նաեւ միջուկային ահաբեկչության դեմ պայքարի եւ Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձեւից բխող անհրաժեշտ միջոցառումներ եւ ընդունելով համապատասխան ազգային ծրագիր:

Մեր այս հետեւողական մոտեցումը լինելու է շարունակական եւ անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին:

Եվ ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետեւ դրանք առաջին հերթին անվստահության դրսեւորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում` միջազգային հանրության եւ կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների եւ մոտեցումների ստահոդ մեկնաբանում եւ ապակառուցողական գործողություններ: Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար եւ ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը:

Շնորհակալություն: