Բաթումիի Կոմախիձե փողոցում  ուժեղ պայթյունից վնասվել են հինգհարկանի շենքի 15 բնակարանները։ Բնակիչների խոսքով պայթյունը որոտացել է 78-ամյա տղամարդու մեկսենյականոց բնակարանում, որը առաջին հարկում է գտնվում։

Բնակիչների կարծիքով բնական գազի մատակարարման եռօրյա անջատումից հետո տղամարդը չէր փակել գազի ծորակը ու երբ գազի մատակարարումը վերականգնվել է, պայթյուն է եղել, հայտնում է «Վրաստան On-line»–ը։

Միայնակ ապրող տարեց տղամարդը  առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, տուժածին տեղափոխել են Կութաիսի։ Նրա վիճակը կայուն ծանր է։

Բաթումիի փոխքաղաքապետը հայտնել է, որ հատուկ հանձնաժողովը կորոշի, թե ինչ օգնություն է հատկացվելու տուժած բնակչությանը։ Գազի անջատումների, նաեւ մատակարարումը վերսկելու մասին բնակչությանը նախապես զգուշացրել էին։