Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաեւ բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ:
Մեր աղոթքը եւ զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին: Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության եւ մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին:
Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողությունները խաթարում են կայունությունը տարածաշրջանում եւ ի չիք դարձնում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները:
Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգեւի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին:
Թող Աստված զորակից ու պահապան լինի խաղաղության պաշտպան Հայոց Բանակին»:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլեւ՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:





























