ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է ՄԱԿ-ի ամբիոնից Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը, որտեղ նա փաստացի մեղադրել է Վաշինգթոնին` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ:
«Ահմադինեժադը, փոխանակ ներկայացնի Իրանի ժողովրդի ակնկալիքները, կրկին մեղադրանքների հեղեղ է թափել դավադրության մասին իր հոտած տեսություններով ու հակասեմիտական վիրավորանքներով, որոնք նույնքան զզվելի ու զառանցանքային են, որքան եւ կանխատեսելի»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության սեպտեմբերի 24-ին տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հանդես գալով ՄԱԿ-ի ամբիոնից, կասկածի տակ է դրել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պաշտոնական վարկածը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն առնչություն ունի այդ ահաբեկչությանը, որից հետո ԱՄՆ պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի դահլիճը: Իրանի նախագահի ելույթը լքել են միջին օղակի 4 ամերիկացի դիվանագետներ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ներկա չեն եղել:





























