Չնայած Մոսկվայի կողմից գործադրված բազմաթիվ սպառնալիքներին եւ ուժեղ ճնշմանը` նախկին խորհրդային երկրներից եւ ոչ մեկը չճանաչեց Աբխազիան եւ Հարավային Օսիան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Նյու-Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի ամբիոնից: «Վրաստանում շատ լավ են հիշում, թե ինչպես է հնարավոր սառած հակամարությունը դարձնել թեժ դիմակայության…Ես վստահ եմ, որ եթե մեր տարածաշրջանում միջազգային հանրությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նույնքան ակտիվ քալեր ձեռնարկի, որքան աշխարհի այլ հատվածներում, հրաշք տեղի կունենա»,-ասել է Սահակաշվիլին:
Խոսելով Ռուսաստանի կողմից արված քայլերի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ անցած երկու տարիների ընթացքում Մոսկվան խախտել է հրադադարի մասին համաձայնագիրը: «ԵՄ դիտորդները կարող են մուտք գործել Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններ, որտեղ անընդհատ ավելանում են ռազմական հզորությունները: Ռուսական զորքի կողմից իրականացված էթնիկ զտումների զոհ դարձած հարյուրավոր բռնի տեղահանվածներ առաջվա պես չեն կարողանում իրենց տները վերադառնալ»,-ընդգծել է նա:
Իր ելույթում Սահակաշվիլին կոչ է արել Աբխազիան եւ Հյուսիսային Օսիան ճանաչած պետություններին փոխել իրենց դիրքորոշումը: «Պատկերացրեք, ինչպես կարող են իրենց զգալ հեռավոր այդ երկրների ղեկավարները, եթե Մոսկվան որոշի հետեւել միջազգային նորմերին եւ դուրս հանի իր զորքերը»,- ասել է նա:
Խոսելով Կովկասում խաղաղության մասին` Վրաստանի նախագահն ընդգծել է, որ ժամանակն է ուղղել այն սխալները, որոնք կովկասյան ժողովուրդները թույլ են տվել ողջ պատմության ընթացքում: «Նախկինում Վրաստանի քաղաքացիները Օսմանյան կայսրության հետ ունեցած սահմանը ընկալել են որպես բացարձակ վտանգ: Այսօր մենք Թուրքիայի հետ մաքսակետ ունենք, համատեղ օդանավակայան եւ ազատ առեւտուր: Ապագայում էլ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները կարող են հատել մեր սահմանն առանց անձնագրերի»,-հայտարարել է Սահակաշվիլին:




























