NEWS.am-ի խմբագրությունն օրերս իր ընթերցողներից մեկից նամակ է ստացել, որտեղ նամակագիրը խնդրում է օգնել իրեն՝ համապատասխան գերատեսչություններից պարզել, թե հանրակրթական դպրոցներում «Հայոց պատմություն» առարկայի երեք խումբ դասագրքերից հատկապես որո՞վ պետք է առաջնորդվեն 2012 թվականի դիմորդները` բուհ ընդունվելու համար։
Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Հարգելի news.am,
Խնդրում եմ բարձրացնել եւ պարզաբանել մի հարց, որը մեծ կարեւորություն ունի հազարավոր աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների համար:
Բանն այն է, որ ներկայումս հանրակրթական դպրոցներում Հայոց պատմություն առարկան դասավանդվում է երեք խումբ դասագրքերով.
1.միջին դպրոցի համար նախատեսված 6-9-րդ դասարանների դասագրքերով,
2.ավագ դպրոցի հումանիտար հոսքի համար նախատեսված 10-12-րդ դասարանների դասագրքերով /12-րդ դասարանի դասագիրքը դեռեւս պատրաստ չէ/:
3.ավագ դպրոցի ընդհանուր եւ բնագիտամաթեմատիկական հոսքի համար նախատեսված 10-12-րդ դասարանների դասագրքերով /12-րդ դասարանի դասագիրքը դեռեւս պատրաստ չէ/:
Դասագրքերի վերոհիշյալ խմբերի միջեւ առկա են ոչ միայն ծավալաբովանդակային մեծ տարբերություններ, այլեւ լուրջ հակասություններ: Որեւէ պատասխան, թե դասագրքերի խմբերից որն է հանձնարարվելու 2012 թվականի դիմորդին, հնարավոր չեղավ ստանալ: Կրթության ազգային ինստիտուտը եւ ԳԹԿ-ն իմ հարցումին պատասխանել են, թե այդ հարցը դուրս է իրենց իրավասությունների շրջանակից, իսկ Կրթության եւ գիտության նախարարն ու նախարարությունը համառորեն լռում են:
Գուցե ոմանք առարկեն, թե դեռեւս հեռու է 2012 թվականի ամառը, սակայն անվիճելի է, որ դպրոցի տված գիտելիքներով հնարավոր չէ նույնիսկ միջին միավորներ ստանալ, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ /ինքնուրույն կամ կրկնուսույցի օգնությամբ/ պարապել, որի համար 1.5-2 տարին հազիվ բավականացնի: Ուստի, ի շահ հազարավոր երեխաների, խնդրում եմ ապահովել հետեւյալ հարցի պաշտոնական հստակ պատասխանը. հայոց պատմություն առարկայի ո՞ր դասագրքերն են հանձնարարվելու 2012 թվականի դիմորդներին:
Հազարավոր մարդկանց անունից կանխավ շնորհակալ եմ արագ արձագանքման եւ հստակ պատասխանի համար:
Արտակ Գզոյան
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գետափնյա 48»:
Հարցի առնչությամբ, որեւէ բան պարզելու ակնկալիքով, զրուցեցինք ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Իլյա Սարգսյանի հետ, ով, սակայն, հարցը լսելուն պես շտապեց հայտնել, որ 2012-ի համար ինքը կոնկրետ ոչինչ ասել չի կարող։ «Նամակագիրը հավանաբար կրկնուսույց է եւ ուզում է տեղեկանալ, թե ո՞ր դասագրքով պետք է պարապի դիմորդների հետ»,- չգիտես՝ ինչի հիման վրա, նման եզրակացության հանգեց նա՝ միաժամանակ բացառելով դիտարկումը, որ նամակագիրը կարող է դիմորդ կամ դիմորդի ծնող լինել։
«Անհնար է, որ նման հարց բարձրացնողը դիմորդ լինի։ Ես դպրոցում հազար տարի աշխատած մարդ եմ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել դա։ Եթե այդ մարդն այդքան բան գիտի, պետք է նաեւ իմանա, որ ԿԳՆ-ն դասագրքերի ծրագրերով եւ որակով չի զբաղվում, ինչպես որ մեր վարչությունը չի զբաղվում դասագրքերի կազմմամբ եւ բովանդակությամբ»,- նշեց Սարգսյանը՝ խորհուրդ տալով նման հարցերի պարզաբանման համար դիմել Կրթության ազգային ինստիտուտ։
Հարցի մեջ որեւէ հստակություն չմտցրեց նաեւ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանի հետ NEWS.am-ի թղթակցի զրույցը։ Նա տեղեկացրեց, որ իրենց գերատեսչությունը ծանոթ է նամակագրի բարձրացրած խնդրին եւ անգամ պատրաստվում է հաջորդ շաբաթ պատասխան նամակ ուղարկել նրան։ «Օրենքով սահմանված կարգով մենք կպատասխանենք մեզ դիմած ՀՀ քաղաքացուն, բայց թե մեր նամակն ինչ բովանդակություն կունենա, դեռեւս հայտնի չէ»,- տեղեկացրեց Վարդան Ղանդիլյանը՝ չմոռանալով ավելացնել, որ սպառիչ պատասխան մեզ կարող են տալ միայն Գնահատման եւ թեստավորման կենտրոնում։ «Դա բացառապես նրանց իրավասությունների շրջանակներում է»,- ասաց նա։
ԳԹԿ-ում, սակայն, պատճառաբանեցին, որ համապատասխան անձը տեղում չէ եւ չգիտեն, թե նա երբ կլինի։
Անի Ղազարյան




























