Ադրբեջանը հուսահատորեն փորձում է վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի կամ, ծայրահեղ դեպքում, հարակից յոթ շրջանների նկատմամբ: Այս մասին International Crisis Group-ի կայքում հրապարակված հոդվածում գրել է Մագդալենա Գրոնոն:
Հոդվածի համաձայն, ղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն դիտարկվում է որպես լարվածության օջախ Հարավային Կովկասի սրտում՝ լուրջ հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար: «Յուրաքանչյուր գարնանը, երբ բռնությունը, որպես կանոն, բռնկվում է, քաղաքական գործիչներն անհանգստանում են միջադեպերի առիթով, որոնք դուրս են գալիս վերահսկողությունից սխալ հաշվարկների կամ սրման արդյունքում: Միջազգային հանրությունը պատրաստ չէ այն ծանր պայքարին, որը Լեռնային Ղարաբաղում բռնկվեց ապրիլի 1-ին»,- նշել է Մագդալենա Գրոնոն:
Հեղինակի կարծիքով, սա ամենալուրջ սրացումն է Լեռնային Ղարաբաղում 1994 թվականից ի վեր, երբ հրադադարի մասին համաձայնագիր կնքվեց: Ավելի քան 20 տարվա ընթացքում հրադադարի մասին համաձայնությունը փխրուն էր՝ ԵԱՀԿ-ի վեց չզինված դիտորդների խորհրդանշական ներկայությամբ:
«Միաժամանակ, վերջին տասնամյակում սպառազինությունների զգալի մրցավազք է նկատվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Նավթով եւ գազով ոգեւորված՝ Ադրբեջանը 2004-2014 թվականների ընթացքում ռազմական ծախսերն ավելացրեց ավելի քան 20 անգամ: Սպառազինությունների մեծ մասը ձեռք է բերվել Ռուսաստանից: Հայաստանը՝ Ռուսաստանի ավանդական դաշնակիցը, փորձում էր հետ չմնալ՝ չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմաններին: Հայկական ուժերը պահպանում են վերահսկողությունը ռազմավարական նշանակության բարձունքների եւ Լեռնային Ղարաբաղի շրջակայքի նկատմամբ, ինչը հայկական կողմին մեծ առավելություն է տալիս»,- նշել է հեղինակը:
2013 թվականի ամռանից ի վեր, ըստ Գրոնոյի, շփման գծում միջադեպերն ավելի հաճախակի եւ լուրջ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ հրետանու կիրառմամբ:
Ղարաբաղում անվտանգության հետ կապված իրավիճակը հասկանալու համար, Մագդալենա Գորդոյի կարծիքով, հարկավոր է մանրամասն ուսումնասիրել քաղաքականությունը՝ ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով. Եվրամիության արեւելքում գոյություն ունեցող այլ հակամարտությունների նման, դրանք սերտորեն կապված են միմյանց հետ:
«Ադրբեջանը հուսահատորեն փորձում է վերականգնել Լեռնային Ղարաբաղի կամ, ծայրահեղ դեպքում, հարակից յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը, որոնք նույնպես 1990 թվականից ի վեր հայկական ուժերի վերահսկողության ներքո են: Ադրբեջանը շատ տուժեց նավթի գների անկումից եւ արժույթի արժեզրկումից, բողոքի ակցիաներ եղան, շարքային քաղաքացիների շրջանում դժգոհությունն աճեց: Կառավարությունը կարող է ժողովրդին «դրոշին աջակցելու» շուրջ համախմբելու կարիք զգալ: Բաքվում նաեւ ավելի ու ավելի քիչ են հավատում, որ դիվանագիտական լուծումներն արդյունք կտան»,- ընդգծել է հեղինակը:
Հոդվածի համաձայն, Հայաստանը նույնպես տնտեսական լուրջ ճնշումների է ենթարկվում, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանում տնտեսական անկումը, որը Հայաստանի առանցքային առեւտրային գործընկերն է:
«Ապրիլի 5-ին Մինսկի խումբը հավաքվելու է՝ լարվածության թուլացումը քննարկելու, եւ առաջնահերթությունը կլինի բռնության դադարեցումը»,- եզրափակել է Մագդալենա Գրոնոն:




























