Ընտրական օրենսգրքի 4+4+4 ֆորմատով քննարկումն անհայտ ժամկետով հետաձգվում է. ՀՅԴ-ն ողջ խմբակցությամբ առավոտյան մեկնում է Արցախ: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ճիշտն ասած, հիմա դրա ժամանակը չէ, դա շատ կարեւոր հարց է, բայց պետք է հետաձգվեն այդ քննարկումները, մինչեւ ստաբիլ վիճակ կլինի»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն առաջարկին, որ միգուցե սառեցվի Ընտրական օրենսգրքի ընդունումը, Ռուստամյանն արձագանքեց. «Սկսած պատերազմից լավ հոտ չի գալիս, չգիտենք`ուր կհասնի, հնարավոր է ամեն ինչ սառեցվի, բայց եթե նախապես գնանք սառեցման ճանապարհով, կարող է սխալ տեղ հասնենք, դա կնշանակի նաեւ ընտրությունների հետ կապված սառեցում: Մենք պարտավոր ենք ընտրությունենրից մեկ տարի առաջ ունենալ համապատասխան օրենսգիրք, եթե դա չի ընդունվում համապատասխան ժամկետներում, ապա փոխվում են բոլոր ժամկետները: Սա արդեն ֆորսմաժորային խոսակցություն է: Չեմ ուզում այդքան հոռետես լինել, բայց չեմ էլ բացառում ոչինչ` հաշվի առնելով` ինչ հարեւանի հետ գործ ունենք, որը թքած ունի ցանկացած միջազգային նորմի վրա»: