Հայաստանի կառավարությունը որոշել է խստացնել աուդիտորական ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը։ Այն բանից հետո, երբ կառավարությունը 2009 թ. սկսած պարտադրեց խոշոր ընկերություններին ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել ու հրապարակել դրանց արդյունքը, աուդիտորների դերը տնտեսական կյանքում կտրուկ մեծացավ։ Սակայն առաջացավ մեկ այլ խնդիր՝ ոչ բոլոր աուդիտորներն են վստահելի։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն այսօր` սեպտեմբերի 24-ին հաստատվեց կառավարության նիստում եւ կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը («Աուդիտորական գործունեության մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին), մասնակիորեն այդ հարցը լուծում է։
Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ օրենքով արգելվելու է ֆիզիկական անձ հանդիսացող աուդիտորների գործունեությունը՝ նրանք պարտադիր պետք է հանդիսանան իրավաբանական անձ։ Յուրաքանչյուր աուդիտորական ընկերություն պետք է ունենա մի քանի աուդիտոր, այնինչ գործող օրենքով 2-ն էլ բավական է։ Աուդիտորական ընկերությունը պարտավորվում է սեփական ինտերնետային կայք բացել, որտեղ համապարփակ տեղեկատվություն պետք է լինի ընկերության մասին։ Եւ վերջապես՝ ֆինանսների նախարարությունում ստեղծվելու է աուդիտորական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող մարմին։ Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ 500 խոշոր ընկերություններ պարտավոր են աուդիտ անցնել, եւ նրանց գերակշիռ մասն օրենքի այդ պահանջը կատարել է։ Այն «հատուկենտ» կազմակերպությունները, որոնք աուդիտ չեն անցել, ըստ ֆինանսների նախարարի՝ կպատժվեն Պետեկամուտների կոմիտեի կողմից։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ՝ սույն փոփոխությունները համահունչ են այն դասերին, որ աշխարհն ստացել է ֆինանսատնտեսական ճգնաժամից։



























