Այսօր` սեպտեմբերի 24-ին Խանտի Մանսիյսկում աշխատանքն սկսեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի 81-րդ Կոնգրեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: Կոնգրեսի աշխատանքի կարեւորագույն մասը Գլխավոր ասամբլեայի` ֆեդերացիայի օրենսդիր եւ գործադիր մարմնի նիստն է, որի ընթացքում, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա նախագահի ընտրությունը: Պաշտոնին հավակնում են Կիրսան Իլյումժինովն ու Անատոլի Կարպովը:

ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը ֆեդերացիան գլխավորում է 1995թ. նոյեմբերից եւ վերընտրվել է 2006-ին: Նրա թեկնածությունը առաջադրել է Ռուսաստանը:

Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին առաջադրել են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 82 երկրների աջակցությունը: Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ արդեն ունի 95 երկրի ձայն, Կարպովի օգտին արտահայտվել է 20 երկրներ:

Սակայն Կարպովը նախօրեին նշել է, որ իր աջակից երկրների անունը չի հրապակարակում: