«Ինձ համար տեղի ունեցածն անընդունելի է: Հուսով եմ՝ որ պաշտպանության նախարարությունը հետեւություններ կանի»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահի խորհրդական եւ գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը՝ խոսելով Youtube ցանցում տեղադրված աղմկահարույց տեսանյութի մասին, որտեղ մայոր Սասուն Գալստյանը ծեծի եւ ստորացումների է ենթարկում շարքային զինծառայողներին։

Միքայել Հարությունյանը համոզված է, որ զինվորներին ծեծի եւ նվաստացումների ենթարկած զինվորականը տեղ չունի հայկական բանակում եւ նրանց պետք է մաքրել: «Այդպիսի սպաները իրավունք չունեն տեղ ունենալ բանակում։ Դրա համար պետք է լավ ուսումնասիրվի տեսանյութը, որովհետեւ կան նաեւ սպաներ, որոնք, իհարկե, 90-ականների սկզբին իրենց լավ են ցուցաբերել մարտի դաշտում, բայց հետագայում իրենք այդպիսին են դառել»,- նշեց նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։

Միքայել Հարությունյանը նշեց, որ աշխարհում չկա այնպիսի բանակ, որտեղ չլինեն նմանատիպ դեպքեր, սակայն, նրա համոզմամբ, այդպիսի զինվորականների քանակը հայկական բանակում շատ քիչ է, եւ շուտով բանակը ամբողջովին կմաքրվի այդպիսի մարդկանցից։

«Ես համոզված եմ, որ հրամանատարությունը չի իմացել ինչպիսի սպա է ծառայում այնտեղ։ Եթե իմացել են եւ քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի ազատվեն այդպիսի սպայից, իհարկե, նրանք պետք է պատասխան տան», - հավելել է նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։

Հարցին, թե որեւէ անօրինական բան կա՞ հարբած սպայի կողմից զինվորին ծեծի ենթարկելու փաստը արձանագրելու եւ ինտերնետով տարածելու մեջ, գեներալ Միքայել Հարությունյանը, ով ժամանակին զբաղեցրել է նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը, ասաց, թե ինքը դրանում բացասական բան չի տեսնում։

«Ավելի լավ էր, իհարկե, իսկույն զեկուցեին իրենց հրամանատարներին, որ հրամանատարները քայլեր կատարեին, որպեսզի չթույլատրվեր այդպիսի դեպքեր։ Բայց որ տարածվել է այդ տեսանյութը՝ ես ոչինչ դրանում բացասական չեմ տեսնում։ Միգուցե դա ավելի կօգնի, որպեսզի բանակի վերնախավը լավ աշխատի», - կարծիք է հայտնել  նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։