2016-ին Ռուսաստանից Հայաստան փոխանցումներն ամենայն հավանականությամբ կայուն ցածր կլինեն: Այդ մասին ապրիլի  6-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Հոսեյն Սամեհին:   

Վերջին տվյալները դրանց հոսքի նվազում են ցույց տալիս, եւ ԱՄՀ-ն ակնկալում է, որ հենց այս տարի փոխանցումները նվազագույնի կհասնեն եւ որոշ ժամանակ կմնան այդպես:  

«Իհարկե, դժվար է կանխատեսել, բայց եթե Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվի, հնարավոր է նաեւ փոխանցումների վերականգնում ակնկալել», - հավելել է նա:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն,  2016-ի առաջին 2 ամսին փոխանցումները նույնիսկ ավելի շատ են կրճատվել, քան   2015-ի նույն ժամանակահատվածում (մոտավորապես 39,2 մլն եւ 54,6 մլն դոլար համապատասխանաբար):

Հունվարին ԱՄՀ-ն ՌԴ-ի տնտեսության համար 1 տոկոսի անկում է կանխատեսել, իսկ  2017-ին` անկման ավարտ եւ 1 տոկոս աճ: