ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Անատոլի Կարպովը երեկ` սեպտեմբերի 23-ին ժամանել է Խանտի Մանսիյսկ եւ մեկնաբանել Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի հենց առաջին օրը տեղի ունեցած միջադեպը: Եմենի թիմը հրաժարվել էր խաղալ իսրայելցիների հետ: Եմենին պարտություն էր գրանցվել, Իսրայելը բողոքել էր արհամարհանքի արժանանալու համար, իսկ Եմենից տեղեկություն ստացվեց, որ թիմը լուծարվել է, քանի որ այնուամենայնիվ շախմատիստները սեփական նախաձեռնությամբ կես ժամ նստել են իսրայելցիների առջեւ եւ մի քանի քայլ արել են:
«Յուգրա-ինֆորմի» փոխանցմամբ` Կարպովը նշել է, որ պետք է խուսափել այդպիսի դեպքերից, առավել եւս, որ առաջին տուրում դժվար չէ այնպես անել, որ այդ թիմերն իրար չհանդիպեն: «Պետք է ուղղակի մի քիչ ուղեղ ունենալ, այդպիսի կրիտիկական իրավիճակներ չստեղծելու համար», ասել է Կարպովը:




























