ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հիմա բուժում է ստանում 32 վիրավոր: Այս մասին ապրիլի 7-ին հայտնել է ՀՀ ՊՆ բժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով սկզբունքը հետեւյալն է՝ հոսպիտալում բուժվում են հիմնականում միջին, ծանր ու միջին ծանրության վիրավորները: «Մնացածը հանրապետության կայազորային հոսպիտալներում են: 5 վիրավորների վիճակը ծանր է: Այսօրվա դրությամբ 4 զինվորականների վերջույթները անդամահատվել են: Կա զինծառայող, որի երկու ոտքն էլ անդամահատել են»,- նշել է Խաչատրյանը: Նա նաեւ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից Երեւան է տեղափոխվել եւս մեկ զինծառայող, որը վիրավորվել է կրծքավանդակի մասում: «Վստահ եմ, որ 1-2 օրում մենք կկարողանանք հաջողությունների հասնել նաեւ նրա բուժման հարցում: Ռազմա-բժշկական ծառայությունը ամբողջովին կկատարի իր առաջ դրված խնդիրները»,- շեշտել է նա:




























