Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սկսել է երկար սպասված «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի խթանել կորցված խոհարարական բաղադրատոմսերի վերածննդի եւ նոր ճաշատեսակների ստեղծման գործընթացը` հիմնվելով հայկական մթերքի եւ ավանդույթների վրա: Ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզի վեց գյուղերում` Հայաստանի հարավային զբոսաշրջության առանցքի զարգացման շրջանակներում:

Վերջերս «Խոհանոցի վերածնունդ» ծրագրի շրջանակներում մրցունակության հիմնադրամը Երեւանում գտնվող Շաֆրան ռեստորանում կազմակերպել էր ճաշատեսակներ համտեսելու եւ գնահատելու միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են մի շարք մասնագետներ խոհարարության բնագավառում, այդ թվում` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն ՀԿ-ի համակարգող Հասմիկ Կարապետյանը, «Թուֆենկյան» ռեստորանների խոհարար Ռուբեն Պողոսյանը, «Չարենցի 28» ռեստորանի համասեփականատեր Ալիս Աթարյանը, «Արվասար» ռեստորանի տնօրեն Ռուզան Նահապետյանը, «Օրեգանո» եւ «Շաֆրան» ռեստորանների սեփականատեր Փոլ Սիվրեյը ու խոհարար եւ սննդի դիզայներ Լուսի Դավիդյանը:

«Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը մեկնարկել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում` ներառելով Տաթեւի վանքի շրջակայքում գտնվող հետեւյալ վեց գյուղերը` Խնձորեսկը, Խոտը, Հալիձորը, Շինուհայրը, Տանձաթափը եւ Տաթեւը: Նախնական փուլում մեկ առ մեկ շրջելով բոլոր համայնքներով` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Համայնքային կապի համակարգող Աստղիկ Աղուզումցյանը հավաքագրել է տեղեկություն նրանց ավանդական ուտեստների,  արվեստների եւ արհեստների, կլիմայի, ժողովրդագրական, գյուղատնտեսական եւ կենցաղային պայմանների վերաբերյալ:

Փաստահավաքի արդյունքում պարզ դարձավ, որ բաղադրատոմսեր վերհանելու աշխատանքները պետք էր սկսել 2,100 բնակիչ ունեցող Շինուհայր գյուղից: Գործընթացը պահանջեց տեղաբնակների շրջանում անցկացնել հարցում ավանդական ճաշատեսակների վերաբերյալ եւ գյուղի դպրոցում «Շինուհայրի ավանդական խոհանոցը» խորագրով շարադրության մրցույթ անցկացնել: Արդյունքում հավաքագրվեցին 12 բաղադրատոմսեր: Բաղադրատոմսեր հավաքագրելու աշխատանքներն ավարտելուց հետո արդեն Երեւանում պրոֆեսիոնալ խոհարարներն սկսել են պատրաստել եւ համտեսել այս ճաշատեսակները, ինչպես նաեւ, հիմնվելով ավանդական բաղադրատոմսերի վրա, մշակել իրենց տարբերակները:

«Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել խոհարարական զբոսաշրջավայր: Այդ նպատակով վերականգնում ենք հին բաղադրատոմսեր ձեռագրերից եւ ազգագրական հետազոտություններից, վերամշակում եւ վերամեկնաբանում ենք տեղական ճաշատեսակներ եւ ստեղծում նոր, ոչ ավանդական բաղադրատոմսեր` օգտագործելով 100 տոկոս հայկական բաղադրիչներ: Սա նման է ոսկու արդյունահանման: Մենք ցանկանում ենք վերհանել հայկական խոհանոցի ողջ թաքնված ներուժը մեկ գործընթացով, որը սկսում է հետազոտությամբ, սակայն ներառում է նաեւ հսկայական ստեղծագործական եւ թիմային աշխատանք», - ասել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

«Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը կներկայացվի հոկտեմբերին կայանալիք «Տաթեւի վերածնունդ» ծրագրի բացման արարողության ժամանակ` աշխարհի տարբեր վայրերից ներկա շուրջ 600 հյուրերի եւ միջազգային զբոսաշրջության լրագրողների ներկայությամբ: