ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր:
Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ՌԴ շինարարության եւ բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջեւ ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության եւ բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ ՌԴ քաղաքաշինության եւ բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը:
ՀՀ առողջապահության նախարարության եւ ՌԴ սպառողների պաշտպանության եւ սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության միջեւ միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ ՌԴ սպառողների պաշտպանության եւ սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ ՌԴ էկոլոգիայի եւ շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյը ստորագրել են երկու գերատեսչությունների միջեւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջեւ կնքվել է համագործակցության եւ փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի 1-ին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
Ստորագրվել է նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետարանի եւ ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը:
Երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը եւ Արտահանման վարկերի եւ ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն ԲԸ գլխավոր տնօրեն Ալեկսեյ Տյուպանովը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ եւ «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի N 02-13-04 պայմանագրին կից լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը եւ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Ստորագրվել են ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը եւ ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:






























