Ադրբեջանի նախագահը մի մարդ է, որը ոչ մի առնչություն չի ունեցել ղարաբաղյան պատերազմի հետ, նա կորցրել է իրականության զգացողությունը: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Պատգամավորը սա անվանել է Ադրբեջան պետության ու Իլհամ Ալիեւի գերդաստանի պարտությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի պատճառներին՝ Բեքարյանը նշել է նավթի ու գազի գների տատանումը: «Սա բավականին սուր սոցիալական իրավիճակ է առաջացրել, սոցիալական հուզումներ: Երկրորդ հանգամանքն այն է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Ադրբեջանը կորցնում է իր դերը: Այս տեսակետից բոլոր հնարավոր դիվիդենտները հիմա անհնար են դառնում Ադրբեջանի համար»,- շեշտել է ՀՀԿ պատգամավորը: Պատահական չէ, շարունակել է նա, որ ռազմական գործողության մեկնարը համընկել է «պանամական փաստաթղթերի» հրապարակման հետ: Երբ չկա ժողովրդավարության տարրը, ու երկրում յուրաքանչյուր այլախոհ բանտում է հայտնվում, Ադրբեջանում ապրող խելացի մարդիկ, որոնք կարող էին Ալիեւին հուշել, որ պատերազմը անկանխատեսելի բան է, չեն անում դա»,- նկատել է Կարեն Բեքարյանը: