Կոռուպցիան սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը ու հիմա դա պարզ է, ինչպես երբեք: Այս մասին ապրիլի 8-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ հակամարտությունում հայկական կողմը կռվել է 80-ականների զինատեսակներով: Հիմա նրանք ուզում են դրությունից դուրս գալ ու բացատրել այդ անհաջող հայտարարությունը: Հակառակ դեպքում, նշում է ընդդիմադիրը, հարց է ծագում՝ եթե ժամանակակից զենք կա, ուրեմն ինչո՞ւ այն չեն կիրառել: Իսկ եթե այն կա, ուրեմն միայն զանգվածային խոցման է, ուրեմն ստացվում է, որ ցածր ու միջին էսկալացիայի համար զենքն իրոք մնում է 80-ականների մակարդակում: «Սա իհարկե հարց է, որի պատասխանը պետք է գտնել ու տալ: Քանի որ ոչ մի բացատրություն այստեղ չկա: Եվ մենք միշտ ասել ենք, որ պետական միջոցների մսխումը սպառնալիք է մեր ազգային անվտանգության ու պաշտպանության համար: Պարզապես ոչ ոք այդ բառերը լուրջ չէր ընդունում: Իսկ կոռուպցիան ոչ միայն անարդարություն է, ոչ միայն մի մասի աղքատացումն է ու մյուս մասի ապօրինի հարստացումը, այլեւ հարված մեր ազգային անվտանգությանն ու պաշտպանությանը: Հիմա, հաշվի առնելով իրավիճակը, մենք խոսում ենք զուսպ, բայց մենք էլ, մեր հասարակությունն էլ կբարձրացնի այս հարցը: Եթե այն չբարձրացնենք, մեր ժողովուրդն ու մեր պետությունը շատ լուրջ խնդիրներ կունենան»,- ասել է Զուրաբյանը:




























