ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրել են համաձայնագիր՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ:
ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ անդրադառնալով համագործակցությանը՝ Լեւոն Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարեւոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ թվում կրթության ոլորտում: Կազմակերպությունը նախարարության հիմնական միջազգային գործընկերներից մեկն է, որի աջակցությունը մշտապես եղել է թիրախային: Նախարարն ընդգծել է, որ համընդհանուր ներառական կրթության հիմքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու կարեւոր գաղափար է դրել՝ մարդկային ճակատագրերի կառուցում եւ հասարակական համապատասխան վերաբերմունքի ձեւավորում, որի հիմքում պետք է լինի բարությունը:
«Կամավորական շարժումները կրթական համակարգում խրախուսվում են եւ վստահ եմ, որ համընդհանուր ներառականության գաղափարի իրագործումը կդառնա հանրային բոլոր ոլորտներում գերակայություն: Մենք հանրային վերաբերմունք ձեւավորելու խնդիր ունենք եւ այս հարցում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է նախարարը եւ հույս հայտնել ԱՄՆ ՄԶԳ հետ կրթության ոլորտի ավանդական եւ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական ու կընդգրկի նաեւ գիտության բնագավառը:
Համագործակցության համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն հատկացնել կրթական համակարգին՝ շենքային պայմաններն առավել մատչելի դարձնելու եւ ներառական կրթության կազմակերպման համապատասխան սարքավորումներով ապահովելու համար:




























