Վրաստանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է երկրի ՆԳՆ հինգ նախկին բարձրաստիճան աշխատակիցների՝ վրացի քաղաքական գործիչների անձնական կյանքի մասին տեսագրություններ ապօրինի ճանապարհով ձեռքբերելու, պահելու ու տարածելու մեղադրանքով: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Կոկա Կացիտաձեն:
«Դատարանի որոշման հիման վրա ձերբակալվել են տվյալ հանցագործության հինգ մասնակիցներ, մեկին ձերբակալել չի հաջողվել, քանի որ նա թաքնվում է քննությունից, եւս մեկին մեղադրանքը հեռակա է առաջադրվել»,- հայտնել է դատախազության ներկայացուցիչը: Իրավապահները ձերբակալել են Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ( ՍԱԴ) փոխտնօրեն Վասիլ Լելուաշվիլուն ու ՍԱԴ Թբիլիսիի գլխավոր վարչության չորս նախկին բարձրաստիճան աշխատակիցների, հայտնում է «Sputnik Վրաստանը»:
Մարտի 15–ին Վրաստանի դատախազությունը ձերբակալել էր հինգ մարդու՝ համացանցում ինտիմ տեսագրություններ հրապարակելու գործով: Տեսագրությունում պատկերված է մի կնոջ ինտիմ հանդիպումը, որը շատ նման է Վրաստանի նախկին արտգործնախարար ու «Ազատ դեմոկրատներ. կուսակցության առաջնորդ Մայա Պանջիկիձեին: Ձերբակալվածների թվում են նաեւ ՍԱԴ երկու բարձրաստիճան աշխատակիցներ:





























