Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովին, որըվիրավորական արտահայտություններ էր արել ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հասցեին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական «Day.Az»-ին մեկնաբանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի տված հարցազրույցը, Պոլուխովը նրան մեղադրել էր ղարաբաղյան հակամարտության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վերաբերյալ իրականությանը իբրեւ չհամապատասխանող տեղեկություն տարածելու մեջ եւ տարօրինակ հետեւություն էր կատարել. «Տվյալ դեպքում զգացնել է տալիս Շավարշ Քոչարյանի մոտ բանակցային գործընթացի մանրամասնությունների մասին տեղեկության բացակայությունը»:
«Հետաքրքրական է, որ „գերտեղեկացված“ Պոլուխովը գոնե մի փաստարկ չբերեց հօգուտ իր դիրքորոշման եւ սահմանափակվեց մերկախոս մեղադրանքով: Ըստ երեւույթին, ադրբեջանական քարոզչական մեքենան, որի մոտ վերջերս ավելի ու ավելի հաճախակի են դարձել խաթարումները, ակնհայտորեն խափանման եզրին է: Բավական էր` Շավարշ Քոչարյանը թեթեւակիորեն հիշեցներ նաեւ ԼՂՀ փաստարկների մասին, որպեսզի վրա հասնի „նեյնիմ-նեյնիմ“-ի պահը: Ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չուներ ասելու, իսկ չէ՞ որ դադարն էլ պետք է լրացնել»,- ասված է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:




























