Ապրիլի 1 լույս 2-ի գիշերը Ադրբեջանը դիմեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ բացահայտ ագրեսիայի՝ ռազմական գործողություն սկսելով ողջ երկայնքով: Վերսկսված պատերազմը, որն, ըստ էության դեռ շարունակվում է, բայց ավելի քիչ ինտենսիվությամբ միանգամից դարձավ աշխարհի առաջատար լրատվամիջոցների գլխավոր նորությունը: Բոլոր լրատվամիջոցների հիմնական հարցը փորձագետներին նաեւ այն էր, թե ով է սկսել պատերազմը, ում է ձեռնտու: Սա թեմայի վիմաքարն էր, որովհետեւ դրանից բնականաբար կարող է բխել հնարավոր գործողություններ ագրեսոր կողմի նկատմամբ: Պետք չի մոռանալ, որ այս հարցի լուծմամբ, խաղաղ կարգավորմամբ զբաղվում են երեք գերտերություններ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Սա նշանակում է, որ նրանց հեղինակության հետ հաշվի չնստելը ու խաղաղ բանակցությունները շարունակելու նրանց խորհուրդը հաշվի չառնելը հետեւանք կարող է ունենա: Միջազգային բոլոր հայտնի լրատվամիջոցները, այդ թվում CNN-ը, BBC-ը, Al Jazeera -ը, DW-ը, հակվեցին այն պատասխանին, որ Ադրբեջանն է ագրեսոր, եւ միայն ռուսական լրատվամիջոցներում էր, որ հարցի ակնհայտ պատասխանը փորձում էին մեղմել, կամ շրջանցել՝ նշելով, որ «դե հիմա կարեւոր չէ, ով է սկսել, կարեւորը խաղաղություն հաստատվի»:
Առաջին հայացքից այս տեսակետն էլ գոյություն ունենալու իրավունք ունի, սակայն դրա տողատակին նայելիս, պարզ է դառնում ռուսների ցինիզմի սարսափելի աստիճանը: Նշեմ, թե ինչու է այդպես: Ռուսաստանի այդ տեսակետը, որ բացի թիվի շոուներից, իշխում է նաեւ Կրեմլում փաստացի ադրբեջանցիներին քարտ բլանշ է տալիս վերսկսելու ռազմական գործողոթյունը ցանկացած պահի, ու նորից մնալ անպատիժ: Դա այն դեպքում, երբ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան համանախագահությամբ խաղաղ բանակցային գործընթաց, ու ինչպես թվարկված անդամների անուններից երեւում է Ռուսաստանը այդ անդամներից մեկն է: Այսինքն ստացվում է, որ Ռուսաստանն իր խաղաղարարային գործողությանը մեղմ ասած լուրջ չի վերաբերում:
Երկրորդ հանգամանքը, որ կապվում է Ռուսաստանի հետ, դա զենքի վաճառքն է: Ռուսաստանը Ադրբեջանի համար ամենախոշոր զենքի մատակարար պետությունն է, որի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր արդեն շտապել է վստահեցնել, որ Մոսկվան չի դադարի նորագույն զենք մատակարարել իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին: Սա արդեն թույլ է տալիս մտածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցությունների հաջողության վրա Ռուսաստանը թքած ունի:
Ռուսները իրենց այս դիրքորոշումը պայմանավորում են այն հանգամանքով, որ Ադրբեջանը միեւնույն է զենք կգնի, ու եթե ոչ Մոսկվայից, ապա Թուրքիայից: Այդ դեպքում գնած զենքի ռազմամթերքի պաշարների պակաս Ադրբեջանում չի լինի, ակնարկում են կրեմլյան վերլուծաբանները: Այս տեսակետը եւս քննադատության չի դիմանում, իսկ հայ պաշտոնյաների կողմից տեսակետն ընդունելը առնվազն անհեռատեսություն է, կամ ազգային շահերի դեմ գնալ ու դավաճանություն: Կարծում ենք, որ այդ պաշտոնյաների հարցը պետք է լուծվի՝ նշված որակումների հիման վրա: Նախ ընդգծենք, որ որեւէ փաստ չկա, որ Ադրբեջանը ռուսական զենքի ռազմամթերքի պաշարների պակաս ունի: Երկրորդ Մոսկվան, որպես խաղաղությանը նպաստող կողմ պարտավոր է նպաստել խաղաղությանը, իսկ դա զենք մատակարարելով չի լինում: Ավելին խաղաղության աջակցողը պարտավոր է, ոչ միայն ինքը չզինել ագրեսորին, այլեւ իր ունեցած հնարավորությունների սահմանում խոչընդոտել դրա զինումը: Բացի դրանից, հենց ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ ադրբեջանական «կամավորների» մեջ կռվում են ԻԼԻՊ-ի ադրբեջանցի զինյալներ, որոնց դեմ փաստորեն պատերազմում էր Ռուսաստանը Սիրիայում: Մեկ այլ ակնհայտ փաստ եւս: Ռուսները շատ են սիրում իրենց արտադրության զենքի մասին խոսելիս նշել, որ դրանք աշխարհում անալոգ չունեն: Դրա հետ դժվար է չհամաձայնելը: Իսկապես ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկն» ու «Սմերչը» իրենց դասակարգման մեջ լավագույններից են, ու հարձակողական նշանակության են: Կրեմլը դրանք մեծ քանակությամբ մատակարարում է իրենց դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին:
Ռուսական ցինիզմի ու Կրեմլում ահավոր մասշտաբների հասնող մերկանտիլիզմի դրսեւորման մյուս փաստն այն է, որ չնայած այն բանին, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության դեմ ակնհայտ հանցագործություն է իրականացվել, ու դրանց փաստերը շարունակվում են հավաքվել, ռուսներն իրենց վարքով ցույց են տալիս, որ դրա վրա էլ թքած ունեն, այսինքն՝ հիմիկվանից հայտարարում են, որ աչքերը փակելու են ամեն ինչի վրա: Փաստորեն Մոսկվան պատրաստ է աչք փակել հրետակոծությունից դպրոցի բակում մահացած 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, Թալիշում սպանված ու դիակները անարգված ծերունիների դեպքերի վրա: Հինգերորդ կարեւոր պատճառը, որ չի տեղավորվում ոչ մի տրամաբանության սահմանում, դա Մոսկվայի ի միջիայլոց դիրքորոշումն է Հայաստանի դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ: Մի քանի բառով Կրեմլի ներկայիս իշխանությունը իր դաշնակցային հարաբերությունը ցույց է տալիս Գյումրիում ռազմաբազայի առկայությամբ, որը, ըստ էության, ավելի քարոզչական նշանակություն ունի, քան անվտանգության ապահովման, եւ ռուսական հեռուստաալիքներով Արարատի, Հայաստանի ջերմ արեւի ու հյուրընկալ ժողովրդի մասին հիշատակումներով: Նշենք, որ ռազմական դաշնակիցները միմյանց նկատմամբ այդ պարտավորությունները չեն ունենում, այլ չգրված օրենքով՝ միմյանց օգնում են, թե միջազգային կազմակերպություններում, թե արտաքին քաղաքական ուղղություններում եւ թե անվտանգության ապահավման գործում: Թերեւս Կրեմլում նաեւ լուրջ չեն վերաբերում նաեւ Ռուսաստանի Կովկասի տարածաշրջանին, որովհետեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական դաշնակցային կողմնորոշումն է օգնում նրանց պահպանել ողջ Կովկասը՝ մինչեւ Դոնի Ռոստով ու Աստրախան:
Ինչպիսին պետք է լինի Հայաստանի պահանջը այս ամենից հետո: Իմ կարծիքով, Հայաստանը ոչ թե պետք է «հասկանա ու ների» Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին, այլ պետք է միջազգային ատյաններում, այդ թվում Սփյուռքի լոբբիի միջոցով ազդի, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պատժամիջոցներ սահմանվեն Ադրբեջանի նկատմամբ ու սահմանափակվի նրան զենքի վաճառքը, նաեւ պատժամիջոցներ սահմանվեն Ադրբեջանին զենք վաճառող երկրների նկատմամբ: Այս դեպքում էլ ռուսները պետք է մեզ հասկանան, որ մենք իրականում դա իրենց դեմ չենք իրականացնում, այլ Թուրքիայի եւ Իսրայելի, որոնք եւս նորագույն տեխնոլոգիակիական-հարձակողական զենք են վաճառում ագրեսորին:
Ավետիս Մարգարյան





























