Ադրբեջանի ագրեսիային եւ թշնամանքին պետք է պատասխանենք համախմբվածությամբ եւ պաշտպանական ունակությունների զարգացմամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ պաշտպանական միջոցները համալրելու համար անհրաժեշտ է զարգացնել Հայաստանի եւ Արցախի տնտեսությունները։
«Պետք է զարգացնել երկու երկրների տնտեսությունները, որը որ որեւէ մեկին չթվա, թե ինքը կարող է զինվել, իսկ մենք չենք կարող։ Տնտեսությունների զարգացումը հնարավորություն կստեղծի համապատասխան գումարներ առանձնացնել պաշտպանության ապահովման համար՝ էլ ավելի մեծ գումարներ հատկացնելով ժամանակակից տեխնիկայով եւ հարմարանքներով ապահովելու մեր պաշտպանական ունակությունները»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը։
Արծվիկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների է դիմել Թուրքիայի դրդմամբ, պատճառները, նրա խոսքով, պետք է դեռ խորապես վերլուծել։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի դադարեցնում իր ագրեսիվ թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հրահրմամբ։ Կարծում եմ, որ սրա պատասխանը ոչ միայն մեր փառապանծ զինված ուժերը, ողջ հայության համախմբվածությունը եղավ, այլ նաեւ այն, որ միջազգային հանրությունը ակնհայտորեն տեսնում է, թե ագրեսոր երկիրն ու երկրի իշխանությունը, ինչպես են ոտնահարելով բոլոր տիպի իրավունքները, հարձակում կազմակերպել»,-ասաց նա։
Անդրադառնալով Ռուսաստանի սպառազինություն գնելուն՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Արցախի դեռեւս միակ անվտանգության համակարգն է։
«Այսօր Ռուսաստանից զատ այլ անվտանգության համակարգ չունենք մենք։ Եթե լիներ այլ անվտանգության համակարգ, վստահաբար դրանից էլ մենք պետք է օգտվեինք, բայց ՀԱՓԿ շրջանակից դուրս անվտանգության այնպիսի լայն համակարգ չունենք, որ աջակցություն խնդրենք»,-ասաց նախարարը։





























