Հայկական կողմը շարունակում է աշխատանքները ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սպանվածների դիերը գտնելու ու վերադարձնելու եւ անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
Տեղեկություններով հայկական կողմը ինտենսիվ երկխոսություն է վարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի ու ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ նախօրեին սկսված գործընթացը շարունակելու համար, որի վերջնական նպատակն է «բոլորին բոլորի հետ» գործընթացի կազմակերպումը (նկատի ունեն զոհվածների դիերի ու եթե այդպիսիք կան՝ նաեւ գերիների փոխանցումը):
Սակայն ադրբեջանական կողմը չի շտապում համաձայնել: Որոշ տեղեկություններով՝ հարցի նմանատիպ լուծման գնալու դժկամության պատճառն այն է, որ ադրբեջանական զինվորների կողմից Ժնեւյան հռչակագրերի ու Միջազգային հումանիտար իրավունքի խախտումների փաստերն ավելի ակնհայտ կդառնան:
Ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 8-ին պայմանավորվածության համաձայն Լեռնային Ղարաբաղի հանրապետության ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում 5 ժամով դադարեցվել են ցանկացած մարտական գործողություններ՝ զոհերի դիերը գտնելու համար:





























