Երկու նախագահների հանդիպումը մեծ ձեռքբերում է, դա խոսում է նրանց պետական մտածողության մասին: Այս մասին NWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովըէ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ նման ավանդույթ ձեւավորվի եւ քաղաքական գործիչները, մի կողմ դնելով ներկուսակցական ու ներքաղաքական տարաձայնությունները, կարողանան լեզու գտնել:

«Այս հանդիպումն  անակնկալ չէր: Նախագահ Տեր-Պետրոսյանն առաջին իսկ պահից հանդես եկավ համախմբող կոչով, որն ԱԺ-ում ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ անկախ քաղաքական տարաձայնություններից՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ է կանգնել   պետության, իշխանության, հայոց բանակի կողքին: Սա իրական պետական մտածողության արդյունք է», – ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը դրական համարեց Սերժ Սարգսյանի՝ Տեր Պետրոսյանին ընդառաջ գնալու քայլը:

«Տա Աստված՝ Ռոբերտ Քոչարյանն էլ միանա եւ լինի այնպես, որ մենք սեպտեմբերի 21-ին կարողանանք շնորհավորել  մեր երեք նախագահներին: Կարեւոր է, որ նախագահները համախմբվում են ու մի կողմ դնում տարաձայնությունները: Պիտի իմ հիացմունքի խոսքն ասեմ նախկին ու ներկա նախագահների հասցեին: Նրանք ապացուցեցին, որ իրենց համար գերակա է պետության  շահը»,-ընդգծեց Շարմազանովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին,  հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը: