Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած. հայկական կողմին հանձնվել է 18 անհետ կորածների մարմինները, մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է  մնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

 «Մենք նույնպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ադրբեջանական կողմին  զոհվածների մարմիններ ենք հանձնել, իսկ մեզ այսօր հանձնվել է 18 զոհվածի մարմին. մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է, աշխատանքներ են տարվում նրա ճակատագիրը պարզելու համար։ Ի դեպ նշեմ, որ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, Կարմիր խաչի ներկայացուցիչները եւս արձանագրել են դա»,-ասաց նա: