Լեհաստանի «Իրավունք ու արդարություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին համարում է, որ Սմոլենսկի մոտ «Տու 154» –ի վթարի համար, որի հետեւանքով մահացել է նրա երկվորյակ եղբայր ու երկրի նախագահ Լեհ Կաչինսկին, Դոնալդ Տուսկի կառավարությունն է պատասխանատու:
Նման հայտարարություն է նա արել կիրակի, ապրիլի 10-ին, այն հիշատակի միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են կատարվածի վեցերորդ տարելիցին, հայտնում է Associated Press–ը:
«Այն ժամանակ Սմոլենսկի մոտ ողբերգությունը պատահական չէր: Անկախ դրա պատճառներից, ինչ որ մեկը դրա համար պատասխանատու է, թեկուզ բարոյապես»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Կաչինսկուն: Նա նկատի ունի Տուսկի կառավարությանը, հայտնում է «Լեհական ռադիոն»
Նախկին վարչապետը հայտնել է, որ անհրաժեշտ է պարզել ճշմարտությունը ողբերգության հանգամանքների մասին: «Մենք պետք է ամեն ինչ լեհերին բացատրենք, իմանանք ճշմարտությունը ու եզրակացություններ անենք»,- նշել է նա: Բացի դրանից, նա կողմ է արտահայտվել, որ Վարշավայում նախագահական պալատի մոտ Լեհ Կաչինսկու հուշարձանը տեղադրվի, վթարի զոհերի հիշատակին եւս մեկ հուշարձան էլ պետք է Կրակովում լինի: «Առաջիկա շաբաթներին կկազմվի այս հուշարձանների շինարարության հարցերով հանձնաժողով»,- պաարզաբանել է նա:





























