Ամերիկացի տնտեսագետ Քլիֆֆորդ Հեդդին «պանամական փաստաթղթերի» առաջացման սեփական տեսությունն է առաջարկել, որի համաձայն, տեղեկությունների արտահոսքի հետեւում կանգնած է Ռուսաստանը, գրում է The Washington Post-ը։
Տնտեսագետն իր առաջարկի օգտին վկայող հիմնական փաստարկ է ներկայացնում այն, որ այդ փաստաթղթերում չի հիշատակվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, իսկ նրա հետ կապված գրեթե բոլոր տեղեկությունները այս կամ այն չափով հայտնի են։
Բացի այդ, նա կարծում է, որ Ռուսաստանն այդ արխիվի հրապարակումից շահ ունի։ Արեւմտյան առաջնորդների օֆշորային խարդախությունները բացահայտելու արդյունքում Ռուսաստանին արդեն այդպես բացահայտ չեն մեղադրի համանման խնդիրների մեջ։
Տնտեսագետի կարծիքով ռուս ցանցահենները կարող էին հասանելիություն ստանալ Monssack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերին ֆինանսական հետախուզության միջոցով։
Ավելի վաղ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի տնօրեն Ջերարդ Ռայլը հայտնել էր, որ օֆշորային ցանցի մասին փաստաթղթերի հրապարակումն ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ։




























