Օֆշորային գործարքների վերաբերյալ «Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո Պանաման մտադիր է միանալ բանկային ու հարկային տվյալների ավտոմատ փոխանակության միջազգային համակարգին: Այս մասին Ճապոնիայի մայրաքաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ( ՏՀԶԿ) գլխավոր քարտուղար Անխել Գուրրիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցած շաբաթ ես հեռախոսազրույց եմ ունեցել Պանամայի փոխնախագահ ու արտգործնախարար Իսաբել դե Սայնթ Մալո դե Ալվարադոյի հետ, որի ընթացքում նա ասել է, որ իրենք մտադիր են այդ հարցով լիարժեք համագործակցել ՏՀԶԿ –ի հետ »,- ասել է նա: «Ես ակնկալում եմ, որ այս իրադարձությունը ( օֆշորների մասին փաստաթղթերի հրապարակումը) կազդի Պանամայի կառավարության որոշման վրա՝ միանալ թափանցիկության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերին»,- հավելել է Գուրրիան:

ՏՀԶԿ -ի կարծիքով, այդ համակարգին Պանամայի միանալը թույլ կտա զգալիորեն բարձրացնել հարկերի չվճարման ուղղությամբ պայքարի արդյունավետությունը:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ապրիլի 3-ին հրապարակել է հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնց վերաբերում են գործող ու նախկին նախագահների եւ այլ հայտնի մարդկանց օֆշորային գործարքներին: «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած զեկույցների հիմքում տեղեկությունների արտահոսքն էր Mossack Fonseca ընկերությունից: Ընկերության արխիվն ամբողջովին չի հրապարակվել: