Քաղաքացի Անուշ Պ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Անուշ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողի կողմից համապատասխանաբար 2015թ. սեպտեմբերի 17-ին եւ հոկտեմբերի 6-ին հարուցվել են կատարողական վարույթներ եւ արգելանք է դրվել իր գույքի եւ դրամական միջոցների, ինչպես նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ բնակարանում գտնվող գույքի վրա: Համապատասխան կատարողական գործողություններ կատարելուց հետո, 2015թ նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել կատարողական վարույթներն ավարտելու մասին:
ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի աշխատակիցներն, առանց կատարողական վարույթները վերսկսելու եւ առանց իրեն ծանուցելու, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, 2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, այցելել են իր բնակարան, այնտեղ գտնվող հարեւանից տեղեկանալով իր՝ բնակարանից բացակայության մասին, այնուհանդերձ, մտել են ներս եւ փորձել ապօրինի կատարողական գործողություններ կատարել, սակայն հարեւանի պահանջով գործողություն չեն կատարել եւ արձանագրություն կազմելով՝ հեռացել են:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























