Վարչապետ Արսենի Յացենյուկի` հրաժարականի հայտարարությունից հետո Ուկրաինայի բոլոր խնդիրների համար պատասխանատվությունն ընկել է նրա քաղաքական ընդդիմախոսի` նախագահ Պյոտր Պորոշենկոյի ուսերին, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Financial Times-ին:

Նախագահի համար առանց այն էլ անհաջող շաբաթն ավարտվել է փողոցային բողոքներով, որոնք շատ առումներով անձամբ նրա դեմ էին ուղղված: Մարդիկ սկսեցին հանդես գալ երկրի նախագահի դեմ` նրան մեղադրելով կոռուպցիայի եւ երկրում փոփոխությունների բացակայության համար, նշում է պարբերականը: 

Ավելի վաղ «անտեսանելի» բարեփոխումների եւ օլիգարխների հետ կապերի համար քննադատությունը հիմնականում ուղղվում էր վարչապետին: Սակայն Կիեւում ներքին պայքարի շարունակմանը զուգահեռ ակնհայտ է դառնում, որ այժմ դժգոհությունն  ուղղված է Պորոշենկոյին, որի քաղաքական անհաջողություններն օրեցօր աճում են` օֆշորների սկանդալից մինչեւ Նիդերլանդներում հանրաքվեի   անմխիթար արդյունքները, ընդգծում է հոդվածի հեղինակը:   

Բացի այդ, Պորոշենկոյին քննադատության են ենթարկել այն բանի համար, որ նա չփորձեց խորհրդարանական աջակցություն հավաքել Նատալյա Յարեսկոյի գլխավորությամբ տեխնոկրատների կառավարության համար, որը օտարերկրյա ներդրողների վստահությունն է վայելում: Փոխարենը Պորոշենկոն վարչապետի պաշտոնում առաջադրեց խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին` դրանով ավելի խորացնելով քաղաքական իշխանության մենաշնորհումը, գրում է պարբերականը:  

«Ճգնաժամի պատճառը Պորոշենկոյի ճամբարի` կառավարության նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերն էին» — կարծում է Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի Ուկրաինայի հարցերով փորձագետ Անդերս Ասլունդը: