Մոսկվայում փակումից 12 տարի անց «Արագվի» լեգենդ-ռեստորանը հյուրերին է ներկայացել «վրացական խոհանոցով հայկական ռեստորանի» կարգավիճակով: Լուրեր են պտտվում, թե այս նախագծի շրջանակում գործընկերներ` Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը եւ «Սկոլկովո» դպրոցի շրջանավարտների խորհրդիի նախագահ Գոռ Նահապետյանը նույնիսկ մտածում էին` չանվանակոչել արդյոք ռեստորանը, ասենք` «Արարատ»: Ի վերջո, դարձյալ լուրերի համաձայն, վեց տարի տեւած վերակառուցման համար անհրաժեշտ է եղել մոտ 25 մլն դոլար ներդնել, հայտնում է «Կոմերսանտը»:
Ինքը` պարոն Կարապետյանը այդ երեկոյին ներկա չէր եւ բացակայում էր Մոսկվայից, սակայն ներկաների թվում էին Genotek-ի համասեփականատեր Ալեքսանդր Վոլոշինը, գործարար Վահե Ենգիբարյանը, «ՍՏՍ Մեդիա»-ի գլխավոր տնօրեն Յուլիանա Սլաշչովան ամուսնու` ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովի հետ, Forbes-ի գլխավոր խմբագիր Նիկոլայ Ուսկովը, «Կեսար Սատելիտի» սեփականատեր Լեոնիդ Օտարեւը կնոջ` Միրանդա Միրիանաշվիլիի հետ, լրագրող Սոֆիկո Շեւարդնաձեն, այս տասնամյակում աշխարհիկ միջոցառումների հազվագյուտ հյուր գործարար Անզորի Ակսենեւ-Կիկալիշվիլին, ռեժիսոր Պավել Լունգինը կնոջ` Ելենայի հետ, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները, ինչպես նաեւ «Տռոյկա Դիալոգից» պարոն Նահապետյանի նախկին գործընկերները` «Բացահայտում Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Աղանբեկյանը, Ռուսաստանում Deutsche Bank խմբի գլխավոր տնօրեն Պավել Տեպլուխինը, Ռուսաստանում Credit Suisse-ի ղեկավար Դմիտրի Կուշաեւը եւ «Սկոլկովո»-ի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Աննա Խարնասը: Իմիջիայլոց, այժմ ամենագո «Տռոյկայի» աշխատակիցները նոր «Արագվիի» գրեթե առաջին հյուրերն են դարձել: Դեռեւս հունվարին այստեղ հավաքվել էին հիմնադիր հայրերը եւ նախկին ստաժորները` «Troika One Love» նշանաբանով նշելու ընկերության աշխատանքի 25-ամյակը: Հյուրերից յուրաքանչյուրը «Արագվիի» հետ ծանոթությունը սկսում էր խինկալու մասնագետ Նուգզար Նեբեիրիձեի հետ: Նրա բաց խոհանոցը իրոք ամենամոտն է տեղադրված մուտքին, այնպես որ հաստատության ֆիրմային ապերիտիվի հարցը կարելի է լուծված համարել:
Այնուհետեւ պարոն Նահապետյանն ինքն էր էքսկուրսիա անցկացնում` ցուցադրելով վերանորոգման ընթացքում հայտնաբերված XVII դարի շարվածքը, Սպիտակ սրահը, որտեղ առասպելի համաձայն, գտնվել է Բերիայի աշխատասենյակը, սիգարների սենյակը, որտեղ միշտ հնարավոր է Louis XIII կոնյակ խմել, եւ այլ տեսարժան վայրեր: Սեղանները բացել էին «Թատրոն» սրահում: Երբ բոլորը վերջապես կարողացան պոկվել պարոն Նեբեիրիձեի տաք ստեղծագործություններից եւ տեղեր զբաղեցնել սեղանների առաջ` առայժմ սառը նախուտեստների դիմաց, խոսք վերցրեց պարոն Նահապետյանը. «Ասում են, թե հային չի կարելի տասն օրից ավելի թողնել որեւէ տարածքում, թե չէ կսկսի պատշգամբը կառուցապատել: Երբ վեց տարի առաջ մտանք այստեղ, տարածքի ոչ թե առաջին, այլ երրորդ վարձակալներն էինք, այնպես որ այստեղ քարը քարի վրա չէին թողել»: Պատշգամբի փոխարեն, ռեստորանի մակերեսը մեծացրել են պեղումների ընթացքում հայտնաբերված XVII դարի բոյարական պալատների հաշվին: «Այսօր «Տաշիր» խմբի հետ միասին,— շարունակել է պարոն Նահապետյանը,— մենք որոշում ենք կայացրել երեկոն անցկացնել «Արտիստ» հիմնադրամի հետ, որպեսզի առասպելական մարդիկ այցելեն ռեստորան, ինչպես որ միշտ եղել է այստեղ»:





























