47–ամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող  75-ամյա Կարապետ Ոսկանյանի փաստաբանը` Վահե Մակյանը դիմել է Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Կարապետ Ոսկանյանին  13 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը:  NEWS.am-ի հետ զրույց Վահե Մակյանը նշեց, որ բողոքն արդեն ներկայացվել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանից դեռ արձագանք չի ստացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմանում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու` Գերման Ոսկանյանի հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր եւ բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել Գերման Ոսկանյանի գլխին եւ գանգուղեղային բազմակի բաց բութ եւ կոտրած վնասվածքներ պատճառելով` սպանել է նրան:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: